«Պոպոք» բիենալեին կմասնակցեն հեղինակավոր փառատոններում հաղթանակած աշխատանքները
Օգ 29
3902 դիտում
Հոկտեմբերի 16-ին կմեկնարկի «Պոպոք» հաղորդակցության միջազգային բիենալեն: Բիենալեի նպատակն է աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջեւ կապը զարգացնելն ու ամրապնդելը, եվրոպական եւ ասիական գովազդային գործակալությունների միջեւ փորձի եւ գիտելիքների փոխանակման մթնոլորտ ապահովելը, ինչպես նաեւ ուսանողների եւ գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճին նպաստելը:
Այս տարվա «Պոպոք»-ի մրցույթին կմասնակցեն միայն միջազգային հայտնի փառատոնների կարճ ցուցակում ընդգրկված կամ հաղթող ճանաչված աշխատանքները: Դրանք կմրցեն 6 անվանակարգերում՝ հեռուստատեսային եւ վիդեո գովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, ռադիո գովազդ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ:
Երկօրյա բիենալեին կհյուրընկալվեն մասնակցիներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: ժյուրիի կազմում կընդգրկվեն միջազգային հեղինակավոր փառատոնների ժյուրիի անադմները, ովքեր կգնահատեն գովազդային ընկերությունների աշխատանքները:
Բիենալեի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, ցուցադրություններ, ցուցահանդեսներ եւ շրջագայություն Հայաստանում:
«Պոպոք» հաղորդակցության միջազգային բիենալեի կազմակերպիչն է Հայաստանի գովազդային խորհուրդը, գործընկերներն են «Անտարես» մեդիա հոլդինգն ու «Շարմ» հոլդինգը, աջակիցները՝ «Այփի մարքեթինգ» եւ «Բեքբոն բրենդինգ» ընկերությունները: