MANAGER.AM-ը թողարկել է սոցցանցերում եւ էլփոստով գովազդի վաճառքի ծառայությունները
Հունիս 4
5039 դիտում
MANAGER.AM համակարգը, որը գովազդի առաջին ինտերնետային շուկան է Հայաստանում, գործարկել է նոր ծառայություններ: Այժմ համակարգում, կայքերում ցուցադրության քանակով վահանակների վաճառքից բացի, գործում են սոցցանցերում ստատուսների եւ էլփոստի նամակների միջոցով գովազդի վաճառքի բաժինները։
Itel.am-ի հետ զրույցում MANAGER.AM գովազդային համակարգի ղեկավար Արեւիկ Սարգսյանը նշել է, որ հայկական մեծ լսարան ունեցող էջերը, խմբերը եւ ազդեցիկ օգտատերերը կարող են հեշտությամբ ստատուսի միջոցով գովազդ վաճառել:
«Գովազդը կարող է լինել տեքստի, հղման, լուսանկարի եւ տեսանյութի տեսքով: Facebook-ի էջերը բաժանել ենք երկու մասի՝ անձնական եւ կորպորատիվ: Կորպորատիվ էջերում ընդգրկման թիվը կարելի է վերահսկել, մեկ պատվերի գինը սահմանվում է 1000 ընդգրկման քանակով: Իսկ անձնական էջերի պարագայում, ինչպես նաեւ մյուս սոցցանցերում (Twitter, ВКонтакте, Odnoklassniki, Instagram) նշվում է մեկ ստատուսի գինը, քանի որ վերջիններիս ընդգրկման քանակը հնարավոր չէ վերահսկել: Գնային քաղաքականության հարցում մենք չենք միջամտում, գները սահմանում են նախագծերի ղեկավարները եւ, ամենակարեւորը, պահպանում են ընտրության իրավունքը՝ ստացած պատվերը ընդունելու կամ մերժելու»,- նշել է Արեւիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ գովազդատուների համար ընտրությունն ավելի հեշտ է դառնում, քանի որ բոլոր առաջակները տեսնում են մեկ հարթակում եւ, համեմատելով առաջարկները, պատվիրում լավագույն տարբերակը: Գործընթացը հնարավորինս պարզեցված է. գովազդը պատվիրվում է օնլայն, վճարումը եւս օնլայն է կատարվում, պատվերը հիմնականում հաստատվում է մի քանի րոպեների ընթացքում:
«Սովորաբար պատվերները ոլորտային են, եւ եթե Դուք, օրինակ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ եք եւ սոցցանցում գործող էջ ունեք, ապա հենց այդ ոլորտի գովազդի պատվերներ կստանաք: Օրինակ, եթե Ձեր նախընտրած ապրանքանիշի նոր տեսականին վաճառվում է ինչ-որ խանութում, եւ այդ խանութը գովազդային ստատուսի պատվեր է ուղարկում Ձեզ, կարող եք ընդունել պատվերը՝ տարածելով այն ինֆորմացիան, որը, միաժամանակ օգտակար լինելով սոցցանցի Ձեր էջի բաժանորդների համար, կարող է նաեւ շահութաբեր լինել Ձեզ համար: Նման գովազդը ավելի արդյունավետ է լինում, քանի որ տվյալ հանրային մարդու մոտ կամ սիրված էջում տեղադրված ինֆորմացիան ավելի վստահելի է լինում եւ ուղերձն ավելի արագ է տեղ հասնում»,- պարզաբանել է MANAGER.AM-ի ղեկավարը:
Համակարգային լուծում տալու առումով մյուս նորարարությունն էլ էլփոստի նամակների տարածման միջոցով իրականացվող գովազդային ծառայություններն են:
«Կան ընկերություններ, որոնք ունեն էլփոստերի բազաներ՝ թիրախավորված խմբերի համար: Նախագծերի ղեկավարներին հնարավորություն ենք տալիս իրենց նախագծերը գրանցել կայքում: Պատվիրված գովազդը տարածվում է նամակի տեսքով՝ ուղարկվելով տվյալ նախագծում նշված հասցեներով»,- պատմել է Արեւիկ Սարգսյանը:
«MANAGER.AM համակարգը միշտ աշխատում է լավագույն լուծումներ գտնել գովազդի ազդեցիկության եւ համագործակցության որակի բարձրացման համար: Դեռ նախորդ տարի մեր համակարգը միակն էր Հայաստանում, որ կայքերում տեղադրված գովազդը վաճառում էր ցուցադրության քանակով, եւ դրա արդյունավետությունն այնքան ակնառու էր, որ հայկական բազմաթիվ ընկերություններ այժմ աշխատում են հաշվարկման այս համակարգով: Հուսով ենք, մեր նոր ծառայություններն էլ իրենց արդյունավետության շնորհիվ նման օրինակ կդառնան»,- նշել է Արեւիկ Սարգսյանը:
Webmaker Studio-ի գործարկած MANAGER.AM համակարգը նախագծերի ղեկավարներին եւ գովազդատուներին հնարավորություն է տալիս հեշտությամբ կապ հաստատել միմյանց հետ եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել: Համակարգը նախատեսված է թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար: Գովազդատուները եւ նախագծերի պատասխանատուները կարող են գրանցվել համակարգում եւ կապ հաստատել ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով:
MANAGER.AM-ի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: