Apple-ի գովազդային հոլովակը լավագույնն է ճանաչվել «Emmy Award» մրցանակաբաշխությանը
Օգ 19
3591 դիտում
Apple-ի «Չհասկացվածը» («Misunderstood») գովազդային հոլովակն առաջին տեղն է գրավել Emmy Award մրցանակաբաշխության Creative Arts Emmys անվանակարգում որպես տարվա լավագույն գովազդ:
Այն մի դեռահասի մասին է, ով Սուրբ Ծննդյան տոներին ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն կլանված «շփվում է» իր iPhone-ի հետ: Ավելի ուշ պարզ է դառնում, որ հեռախոսով տարվելու պատճառն ամենեւին էլ տղայի հակասոցիալական վարքը չէ:
Այս հոլովակը մրցում էր «Bud» գարեջրի համար նկարահանված միանգամից երկու՝ «Հերոսի դիմավորումը» («Hero’s Welcome» ) եւ «Շնիկի սերը» («Puppy Love») հոլովակների, ինչպես նաեւ «BBDO» գործակալության՝ «General Electric» ընկերության համար նկարահանած «Մանկան երեւակայություն» («Childlike Imagination») եւ Nike-ի համար «Wieden & Kennedy Portland» գործակալության հեղինակած՝ «Հնարավորություններ» («Possibilities») գովազդային հոլովակների հետ:
Հատկանշական է, որ «Cannes Lions» գովազդային փառատոնին «Հնարավորություններ» հոլովակը զբաղեցրել էր առաջին, իսկ «Չհասկացվածը» ՝ երկրորդ տեղը:
Emmy-ի նախորդ տարվա հաղթողը Grey-ի «Ոգեշնչված» հոլովակն էր, որը ստեղծվել էր «Canon»-ի համար: Դրանից առաջ «Wieden & Kennedy Portland» գործակալությունն իրար հետեւից 4 Emmy մրցանակ է շահել «Procter & Gamble»-ի «Լավագույն աշխատանքը» («Best Job», 2012), «Chrysler»-ի «Կրակից ծնվածը» («Born of Fire», 2011), «Old Spice»-ի «Ձեր տղամարդու բույրը» («The Man Your Man Could Smell Like», 2010) եւ «Coca-Cola»-ի «Կողոպուտ» («Heist», 2009) գովազդային հոլովակների համար:
2014 Emmy Awards-ի լավագույն գովազդային հոլովակ անվանակարգ
Հաղթող՝ Apple, «Չհասկացվածը»
Գովազդային գործակալություն՝ TBWA\Media Arts Lab
Արտադրող ընկերություն` Park Pictures