«Թումո»-ի ուսանողները՝ «Նոյան» հյութերի դիզայներներ
Դեկ 25
5567 դիտում
«Նոյան» ընկերության եւ «Թումո»-ի համագործակցության արդյունքում մշակվել է նոր արտադրական գիծ, որի կոնցեպտը պատրաստվել է «Թումո»-ի ուսանողների կողմից:
Նոր դիզայնով «Նոյան» հյութերն արդեն վաճառքում են:
«Թումո»-ից տեղեկացրել են, որ կոնցեպտի մշակման եւ ձեւավորման աշխատանքները հատուկ դասընթացի ձեւաչափով տեւել են 2 ամիս եւ իրականացվել մի քանի փուլով:
Սկզբնական փուլում ուսանողներն առաջարկել են կերպարների եւ պատմությունների իրենց գաղափարները: Այնուհետ պատկերազարդող Սարա Մարի Շաբոյանի հետ պատանիները ստեղծել են տարբեր կերպարների շարքեր, որոնք էլ արդեն Մոսկվայից հրավիրված դիզայներ Արամ Միրզոյանցի հետ կիրառել են իրենց փաթեթավորման նախագծերում:
Նշվում է, որ ներկայացված նախագծերի շուրջ կազմակերպվել են ֆոկուս խմբեր, որոնցում ներգրավվել են պոտենցիալ գնորդներ՝ ծնողներ եւ երեխաներ: Արդյունքում առանձնացվել է ապագա գնորդների նախընտրելի տարբերակը: Այդպիսով, նախագիծը մտել է ավարտական փուլ եւ պատրաստվել վերջնական ձեւավորումը:
«Այս նախագծի կարեւորագույն նվաճումը մեզ համար այն է, որ ուսանողները աշխատեցին իրական արտադրության պայմաններում եւ անցան բոլոր փուլերով՝ գաղափարի ստեղծումից մինչեւ իրականացումը եւ մուտքը արտադրություն, իսկ դրանք փաթեթավորման աշխարհում առանցքային դեր են խաղում: Խումբը նաեւ իրականացրեց վաճառքի կետում արտադրանքի ներկայացման ոճի եւ նյութերի մշակումը», - նշել է «Թումո»-ի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:
«Նոյան»-ի գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանն իր հերթին ընդգծել է նախագծի կարեւորությունը.
«Այս համագործակցությունը շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ ուզում էինք ոչ միայն նոր արտադրանքի ոճ ստեղծել, այլեւ բացահայտել եւ ցույց տալ մեր նոր սերնդի ներուժն ու հնարավորությունները: Եվ դա կարող էինք լավագույնս անել հենց «Թումո»-ի հետ՝ ստանալ մի փաթեթավորում, որը միաժամանակ եւ՛ արդիական է, եւ՛ հայկական, եւ՛ ստեղծված երեխաների կողմից երեխաների համար»,-ասել է Վահե Ղազարյանը:
Ուսանողներից 15-ամյա Բելլա Մարտիրոսյանն էլ խոսել է տպավորությունների մասին.
«Շատ հետաքրքիր էր, քանի որ իրական նախագիծ էր, որը մեզ տվեց փորձառու մասնագետների հետ համագործակցելու հնարավորություն եւ աշխատանքային մեծ փորձ, եւ այդ ամենը ամբողջ կյանքում կկիրառենք մեր բնագավառում»: