Հարութ Արթուր Մեխչյանը ներկայացրել է «Երեւանյան ճակատներ» -ը
Փետ 23
5102 դիտում
Մեծ Բրիտանիայում բնակվող ազգությամբ հայ գրաֆիկ ու վեբ դիզայներ Հարութ Արթուր Մեխչյանը «Երեւանյան ճակատներ» նկարազարդումների հետաքրքիր մի շարք է ներկայացրել:
Հեղինակի խոսքերով «Երեւանյան ճակատներ» շարքում ներառված շենքերի ընտրությունը հիմնականում պատահական է՝ «Այս պահին դեռ փորձում եմ պատկերել այն շինությունները, որոնք, իմ սուբյեկտիվ կարծիքով, որպես ճարտարապետական նմուշներ հանրության կողմից չեն արժանանում բավականաչափ ուշադրության: Սակայն չեմ ցանկանա, որ շինությունները լինեն միայն պատմամշակութային բնույթի եւ ամենայն հավանականությամբ շուտով կսկսեմ անդրադառնալ ավելի ժամանակակից օրինակների», Adver-ի հեզ զրույցում նշել է հեղինակը:
Հարութը սովորում է Բաթի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում: Համալսարանական ծանրաբեռնվածությունից ելնելով, այս պահին հասցնում է աշխատել միայն որպես "Freelance" գրաֆիկ եւ վեբ դիզայներ:
Դիզայները պատմում է, որ շարունակելու է հենց այս ոճով ներկայացնել երեւանյան շենքերը՝ «Իհարկե, մինչեւ հիմա իլյուստրացիաները թողարկում էի շաբաթական կարգով, այժմ փորձելու եմ շարքը ընդլայնել ամեն օր, եթե, իհարկե, ժամանակս ների:
Իսկ ժամանակամիջոցից անկախ շարքը ամենայն հավանականությամբ կշարունակեմ, մինչեւ սպառեմ Երեւանի խորհրդանշական շինությունների ցանկը, կամ ստեղծագործական կարողությունս»:
Դիզայների աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա պաշտոնական կայքում՝ www.artin.pw: