Միջազգային բիենալեի շրջանակում կստեղծվի Արցախի բրենդը
Հոկ 2
4868 դիտում
Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում տեղի կունենա Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալե, որի նպատակն է կապ հաստատել աշխարհի երկրների գովազդային ընկերությունների միջեւ, ինչպես նաև փորձի ու գիտելիքների փոխանակում անել:
Բիենալեն նվիրված է Արցախին, այդ իսկ պատճառով միջոցառումից հետո աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մարքեթինգի, բրենդի, դիզայնի միջազգային կարգի մասնագետները կայցելեն Արցախ: Լեռնային Ղարաբաղում շրջելուց, պատմական վայրերին, արցախցիներին ու նրանց ավանդույթներին, կենցաղին ծանոթանալուց հետո համատեղ ուժերով կծնվի Արցախի` որպես պետության բրենդը.
«Մենք ուզում ենք, որ Հայաստանը մարքեթինգի, բրենդի, դիզայնի ոլորում լինի առաջատար, փորձում ենք ցույց տալ մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերը: Ամբողջ աշխարհում այդպես է, բրենդը փոխկապակցված է լինում երկրի հետ, երբ ասում ենք «Մերսեդես», միանգամից հասկանում ենք Գերմանիա, գերմանական որակ»,-նշել է բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ հյուրերն իրենց երկրներում շատ ազդեցիկ մարդիկ են եւ իրենք փորձելու են նրանց հնարավորություններն ի շահ Հայաստանի օգտագործել:
Ծրագրված է, որ տարբեր երկրներից ժամանած հյուրերը շրջելու են Հայաստանով, իրենց ձեռքով տոլմա ու խորոված են պատրաստելու, խաղող են ճզմելու:
Բիենալեի հիմնական անվանակարգերն են` հեռուստատեսային եւ տեսագովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, Ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ: Միջոցառման շրջանակներում հայաստանցի մասնագետները նաեւ վարպետաց դասեր կառնեն միջազգային կարգի մասնագետներից:
«Այփի մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի խոսքերով, Հայաստանում կրթական դաշտը բաց է, սակայն, մակարդակը ցածր է, եւ հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները եւս գտնում են, որ կարիք կա ծանոթանալու դրսի մասնագետների փորձին` նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:
«Բեքբոն բրենդինգ» ընկերության ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանն էլ նշել է, որ ընկույզի կեղեւն ընտրել են որպես քարտեզ, քանի որ նման է ռելիեֆի, իսկ քարտեզի գաղափարը ճանապարհներն են, այսինքն` բոլոր ճանապարհները բերում են դեպի Երեւան, դեպի բիենալե: