Emmy Award-ի հավակնորդ լավագույն 5 գովազդային հոլովակները
Հուլիս 16
3864 դիտում
Ամերիկյան հեռուստաակադեմիան առանձնացրել է այս տարվա լավագույն հինգ գովազդային հոլովակները, որոնք Emmy Award մրցանակաբաշխությանը կպայքարեն հաղթանակի համար:
Այսպիսով, ցուցակը գլխավորում են «Bud» գարեջրի համար նկարահանված միանգամից երկու գովազդային հոլովակներ: Առաջին՝ «Hero’s Welcome» («Հերոսի դիմավորումը») հոլովակի հեղինակներ Էմետա եւ Բրենդոն Մալոյաները ներկայացնում են պատերազմից տուն վերադարձած զինվորին:
«Bud»-ի համար նկարահանված երկրորդ հոլովակը հուզիչ պատմություն է շնիկի եւ ձիու ընկերության մասին: Հոլովակի ռեժիսորն է Ջեք Սքոթը: Սա այս տարվա ամենադիտված հոլովակներից է:
Անվանակարգում ներկայացված է նաեւ «BBDO» գործակալության՝ «General Electric» ընկերության համար նկարահանած «Childlike Imagination» («Մանկան երեւակայություն») գովազդը: Հոլովակի ռեժիսորն է Դանթե Արիոլան:
Emmy մրցանակի հաջորդ հավակնորդը Nike-ի հոլովակն է: «Possibilities» («Հնարավորություններ») կոչվող հոլովակի հեղինակը «Wieden & Kennedy Portland» գործակալությունն է: Հոլովակում կարելի է տեսնել Սերենա Ուիլյամսին ու Լեբրոն Ջեյմսին, իսկ կադրի հետեւում հնչող ձայնը պատկանում է հայտնի դերասան Բրեդլի Քուփերին:
«Լավագույն գովազդ» անվանակարգում ներկայացված վերջին հոլովակի հեղինակը «TBWA/Media Arts Lab» գործակալությունն է: Ռեժիսոր Լենս Էքորդի՝ «Apple» ընկերության համար նկարահանած հոլովակը մի դեռահասի մասին է, ով Սուրբ Ծննդյան տոներին որոշել է առանձնանալ ընտանիքից: