«Մինիմալ շքեղությամբ» ZORAH-ի դիզայնը
Նոյ 11
5118 դիտում
Այսօր Zorah-ը, երեւի թե, հայկական ամենահայտնի գինին է աշխարհում: Միջազգային շուկա մտնելով 2010 թվականին՝ այս բրենդը ընդամենը մի քանի տարվա ընթացքում կարողացավ գրավել աշխարհի ամենահեղինակավոր գինու սիրահարների ուշադրությունը: Օրինակ, 2012 թվականին ամերիկյան Bloomberg Businessweekly պարբերականը Zorah գինին ընդգրկեց աշխարհի լավագույն գինիների տասնյակում:
Վերջերս Մեդիամաքս-ը պատմել էր ZORAH գինիների մասին՝ հարցազրույց ներկայացնելով ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ:
Այս անգամ զրուցել ենք նրա տիկնոջ`Երազ Թովմասյանի հետ, ով ղեկավարել է Zorah գինիների պիտակների եւ շշերի դիզայնի ձեւավորման ընթացքը:
- Ո՞վ է մասնակցել ZORAH գինիների շշերի ձեւավորման աշխատանքներին:
- ZORAH շշերի ձեւավորման համար որեւէ մրցույթ չի հայտարարվել: Հենց սկզբից հստակ պատկերացրել եմ` ZORAH-ի տեսքը ինչպիսին պիտի լինի եւ ինչ պիտի փոխանցի գինու եւ արտադրանքի վերաբերյալ: Միտքս իրականացնելու համար Իտալիայում աշխատել եմ գրաֆիկական դիզայներների վստահելի թիմի հետ:
- Գինու շշի ինքնատիպ դիզայնի մշակումը բավականին բարդ խնդիր է: Շատ գինեգործներ ներկայացնում են շշի բավականին համարձակ ձեւավորում` օգտագործելով վառ ու, իսկ երբեմն՝ հեղափոխական բնույթի պիտակներ: ZORAH գինիների շշերի դիզայնը շատ ավելի դասական եւ զուսպ ձեւավորում ունի: Արդյո՞ք սա հատուկ մշակված քայլ է:
- Ավելի հակված եմ «շքեղությունը մինիմալի մեջ է» մտքին: Շշի ձեւավորման շքեղությունը չպետք է ուշադրություն գրավի: Համաձայն եմ, որ ZORAH-ի դիզայնը կարող էր ավելի շքեղ լինել, սակայն չեմ համարում, որ ձեւավորումը չափազանց դասական է: Ընդհակառակը`այն չափի մեջ համարձակ է: ZORAH-ի շշի ձեւն ու չափը յուրահատուկ են` տարբերվում են գինիների շշերի դասական ձեւավորման չափանիշներից: Խցանի վրայի պատիճի բացակայությունը եւս նորույթ է (չնայած, որ Հայաստանում նման գաղափար օգտագործվում է) եւ խցանը փակող մոմե փականը հազվադեպ է տեսանելի լինում: Առաջին հայացքից պիտակի ձեւավորումը շատ պարզ եւ զուսպ է թվում, սակայն իրականում այն ավելի բարդ կառուցվածք ունի: Այն իրենից ներկայացնում է շերտավոր եւ մանրակրկիտ գրաֆիկական աշխատանք` պիտակին հարուստ ու շքեղ տեսք հաղորդելու համար:
- Որքա՞ն տարբերակներ եք քննարկել, մինչ վերջնական ընտրություն կատարելը: Ինքնություն ե՞ք ընտրել այս տարբերակը, թե՞ խորհրդակցել եք ընկերների, բարեկամների հետ:
- Մի քանի տարբերակներ են քննարկվել, բայց պիտակի հիմնական գաղափարը միշտ նույնն է եղել. նորի եւ հնի համադրության շունչը պետք է ակնհայտ լիներ ինչպես պիտակի ձեւավորման, այնպես էլ գինու համի մեջ: Վերջնական ընտրությունը ես եմ կատարել, իմ ճաշակով էր:
-Կփոխվի, արդյո՞ք, ZORAH գինիների շշերի ձեւավորումը ապագայում: Գիտենք, որ պլանավորում եք նաեւ սպիտակ գինի արտադրել, հավանաբար դրա շշի գույնը կտարբերվի:
- ZORAH ապրանքանիշի պիտակն ու ինքնատիպությունը, հավանաբար, անփոփոխ կմնան, բայց չնչին փոփոխություններ հնարավոր են:
Ինչ վերաբերվում է սպիտակ գինու արտադրությանը, ապա նշեմ, որ չենք խուսափի սեւ շշեր օգտագործելուց: Դա եւս կարող է հատուկ քայլ հանդիսանալ:
-Ասում են, որ բարձրորակ գինին սպառողին պիտի գրավի ոչ թե շշի շքեղ ձեւավորմամբ ու գեղեցիկ պիտակով, այլ իր որակով ու համով: Դուք ի՞նչ եք կարծում:
- Այդ պնդման հետ համամիտ չեմ: Կան բազմաթիվ որակյալ եւ հիասքանչ գինիներ, որոնք սպառողին գրավում են հենց արտաքին ձեւավորմամբ: Լավ գինիները շքեղություն են համարվում եւ ունեն համապատասխան փաթեթավորում, որն էլ դրդում է սպառողին ձեռք բերել հենց այդ գինին: Անշուք պիտակով շատ բանի չես հասնի: Մի խոսքով, պիտակն ու ձեւավորումը գինու այցեքարտն է՝ ինչու՞ չի կարելի համատեղել գեղեցիկ ձեւավորումն ու բարձրորակ գինին: Նման հարց կարող է առաջանալ, երբ միջին որակի գինին փորձում է սպառողի ուշադրությունը գրավել շքեղ ձեւավորմամբ` կենտրոնանալով իր կարգավիճակի վրա: Հենց դա է, որ սպառողի մոտ շփոթմունք է առաջացնում: