Ամառ, ֆուտբոլ, գարեջուր` ո՞րն է հայկական գարեջրի ամենագեղեցիկ շիշը (քվեարկություն)
Հուլիս 1
5830 դիտում
Adver.am-ում սկսում ենք նյութերի շարք, որտեղ կպատմենք Հայաստանում արտադրվող ապրանքների ձեւավորման, փաթեթավորման, դիզայնի եւ դրանց հեղինակների մասին:
Բրազիլիայում եռում են ֆուտբոլային կրքերը, դրանք տարածվում են աշխարհով մեկ եւ ուղեկցվում են գարեջրի ահռելի քանակներով: Հայաստանն, իհարկե, բացառություն չէ:
Որոշեցինք մեկ տեղում ներկայացնել, թե ինչպես են ներկայանում հայկական գարեջրի արտադրողները՝ գնացինք սուպերմարկետներից մեկը եւ գնեցինք այնտեղ ներկայացված հայկական գարեջրի բոլոր նմուշները:
Հայաստանում կան գարեջրի երեք խոշոր արտադրողներ.
«Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն (www.kilikia.am)` Kilikia ապրանքանշանով:
«Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ն՝ Kotayq ապրանքանշանով;
«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն (www.gyumribeer.am)՝ Gyumri, Aleksandrapol (www.aleksandrapol.am) եւ Ararat Beer ապրանքանշաններով:
Կան նաեւ փոքր արտադրողներ, օրինակ, «Լիհնիտիս» ՍՊԸ-ն (www.kellers.am)՝ Kellers ապրանքանշանով:
Մենք լուսանկարել ենք նշված արտադրողների տարբեր շշերը եւ ընթերցողներին առաջարկում ենք գնահատել դրանք՝ քվեարկության միջոցով: Շեշտենք, որ առաջարկում ենք գնահատել բացառապես շշերի ձեւավորումը եւ ոչ թե գարեջրի համային եւ որակային հատկությունները:
Գրեթե բոլոր շշերի վրա շոշափվում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնության թեման եւ օգտագործվում է մունդիալի պաշտոնական ապրանքանիշը: Ի դեպ, այնքան էլ պարզ հարց է՝ արդյո՞ք արտոնված է դրա օգտագործումը:
Համեմատության համար ներկայացնենք նաեւ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական գարեջուր Budweiser-ի շշերի ձեւավորումը: Բնական է, համաշխարհային արտադրողների բյուջեները անհամեմատելի են հայկական արտադրողների հնարավորությունների հետ, սակայն, կարծում ենք, որոշիչը վառ գաղափարն է ու հետո միայն փողը:
Ի դեպ, փաթեթավորման ոլորտը լուսաբանող համացանցային ամենահայտնի կայքերից մեկը ներկայացրել է Heineken-ի համար արված Comet կոնցեպտային աշխատանքը, որի հեղինակը մեր հայրենակից Միքայել Հարությունյանն է
Հաջորդ անգամ կանդրադառնանք Հայաստանում նկարահանված գարեջրի գովազդային հոլովակներին: