Bravo.am-ում տեսագովազդները՝ MediaRoll-ի նոր տեխնոլոգիայով

Մարտ 5

մեկնաբանել

4425 դիտում

Mediamax-ի Bravo.am նախագիծն արդեն տեսագովազդներ է տեղադրում Betanet ընկերության (MediaRoll ապրանքանիշ) մշակած տեխնոլոգիայով
Տեսագովազդ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան
#MediaRoll

Mediamax-ի Bravo.am նախագիծն արդեն տեսագովազդներ է տեղադրում Betanet ընկերության (MediaRoll ապրանքանիշ) մշակած տեխնոլոգիայով:

 

Bravo.am-ի Videos բաժինը, որտեղ այս պահին տեղադրված են հայ եւ արտասահմանյան արտիստների հազարավոր տեսահոլովակներ եւ ժամանցային բնույթի հետաքրքիր այլ տեսանյութեր, շահավետ հարթակ է գովազդ տեղադրելու համար: Այն թարմացվում է ամեն օր եւ հանդիսանում է Bravo.am-ի ամենաշատ այցելվող բաժիններից մեկը:

 

Betanet-ի մշակած տեսագովազդի տեխնոլոգիան մեր գովազդատուներին լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց ապրանքները կամ ծառայությունները՝ տեսանյութի մեկնարկին նախորդող վայրկյանների ընթացքում:  

 


 

Տեսագովազդ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան

 

Betanet-ի MediaRoll գովազդային ցանցը, որն աշխատում է հայկական ամենահեղինակավոր կայքերի հետ, 2013թ. մշակել է սեփական HTML 5 ձեւաչափի տեսանվագարկիչ:

 

«Տեսագովազդի ոլորտում հաճախ օգտագործվում էր «ֆլեշ» (flash) տեխնոլոգիան, որը որոշակի խնդիրներ ունի հատկապես մոբայլ սարքավորումների հետ աշխատանքում: Մեր մշակած փլեյերը հնարավորություն է տալիս խուսափել այդ ամենից: Այն նաեւ «ռեսփոնսիվ» է (responsive), այսինքն չափերն անմիջապես փոփոխվում են՝ կախված սարքի էկրանի որակական չափանիշներից»,- Adver.am-ի հետ զրույցում պատմել է Betanet-ի գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանը: 

 

Կայքի տեսանվագարկիչը որպես գովազդակիր օգտագործելու մի քանի տարբերակ կա: Դրանցից առավել արդյունավետը, հետեւաբար՝ ամենատարածվածը pre-roll-ն է: Այս դեպքում գովազդային հոլովակը մեկնարկում է ավտոմատ, երբ կայքի այցելուն սեղմում է Play կոճակը՝ ցանկալի տեսանյութը դիտելու համար: Ընթացքում ցուցադրվում է մինչեւ հոլովակի ավարտը մնացած ժամանակի հետհաշվարկը վայրկյաններով, ինչպես նաեւ՝ այն բաց թողնելու կոճակը: Վերջինը հայտնվում է մեկնարկից որոշակի ժամանակ անց միայն:

Այս տարբերակի գլխավոր առավելությունն այն է, որ գովազդը ցուցադրվում է հենց այնտեղ, որի ուղղությամբ կենտրոնացած է դիտողի ուշադրությունը: Կարեւոր է նաեւ այն, որ այցելուն գովազդի որոշակի հատված, այնուամենայնիվ, հասցնում է դիտել մինչեւ անջատելը:

 

Սամվել Բեկթաշյանը նշել է, որ ընկերության սերվերները պատրաստ են մատուցել նաեւ տեսագովազդի mid-roll, pause-roll եւ post-roll տեսակների ծառայություններ:

 

«Միջազգային ստանդարտներով ենք առաջնորդվում, ուստի գովազդի մեկնարկից 5 վայրկյան անց այն կարելի է շրջանցել (skip) եւ անցնել բուն տեսանյութի դիտմանը: Սկզբում գովազդի պարտադիր մասը 3 վայրկյան էր, այսօր արդեն 5 վայրկյան է: Չենք պատրաստվում ո՛չ ավելացնել, ո՛չ էլ պակասեցնել այս ժամանակահատվածը: Եթե պակասեցնենք, կվնասենք գովազդատուին, եթե ավելացնենք՝ կայքերին»,- ասել է նա: 

 

Ընկերությունը նաեւ գովազդային տեսանյութերի դիտումների վիճակագրություն է տրամադրում:

 

«Օրինակ, տալիս ենք վիճակագրություն, թե ցուցադրված հոլովակի 25, 50 կամ 100%-ը որքան դիտում է գրանցել: Գովազդատուն տեսնում է, թե դիտողը գովազդի որ հատվածում է skip սեղմել, հետեւաբար, տեղեկանոմ է, թե իր ասելիքի քանի տոկոսն է տեղ հասնում: Սա կարեւոր է, քանի որ մինչ այս պահը Հայաստանում որեւէ գովազդակիր այս աստիճան ճշգրտությամբ վիճակագրական տվյալներ չի տրամադրել»,- նշել է Betanet-ի գործադիր տնօրենը: 

 

 

Տեսանյութի ադապտացումը՝ անվճար

 

Համագործակցության սկզբում MediaRoll գովազդային ցանցը ցանկացած ընկերության 10 հազ. անվճար ցուցադրություն է նվիրում: 250 հազ. ցուցադրության համար բազային գինը կազմում է 320 հազ. դրամ:  Այն կարող է նաև փոփոխվել՝ կախված գովազդատուի ընտրած թիրախավորման տարբերակներից և այլ գործոններից:

 

Ցանցում տեղադրվելու նպատակով տեսանյութի ադապտացումը կատարվում է անվճար, քանի որ, ինչպես Սամվել Բեկթաշյանն է նշել, չեն ցանկանում, որ ձեւաչափային փոփոխությունները լրացուցիչ բեռ ստեղծեն գովազդատուի համար:

 

 

 

Տեսագովազդի առավելությունների մասին

 

Տեսագովազդի տեսակը շուկայում նորություն չէ: 2006-2007 թթ. այն սկսել է լայնորեն տարածվել աշխարհում՝ Youtube-ի, Vimeo-ի տարածմանը զուգահեռ: Այդ ժամանակ մարքեթոլոգները հայտնաբերել են, որ մարդիկ պատրաստ են տեսանյութեր դիտել համակարգչի առջեւ, ինչից էլ, բնականաբար, սկսել են օգտվել գովազդատուները:

 

«Ինտերնետային տեսագովազդի հարցում Հայաստանում առաջինն ենք եղել: 2013թ. սեպտեմբեր- հոկտեմբերին սկսեցինք իրականացնել տեխնիկական աշխատանքներ: Արդեն 2014թ. մարտին ավարտեցինք թեստավորման փուլը եւ շուկա մտանք: Շուկան՝ թե՛ կայքերը եւ թե՛ գովազդատուները, մեր սպասվածից թույլ արձագանքեցին: Երեւույթը նոր էր, պետք էր նախ մարդկանց տեղեկացնել, ստեղծել պահանջարկ եւ հետո միայն բավարարել այն: Իրականում Հայաստանում տեխնոլոգիական դաշտում դժվար է անծանոթ պրոդուկտը միանգամից շուկա մտցնել»,- պատմել է Սամվել Բեկթաշյանը:   

 

Ինտերնետ վիդեոգովազդը հեռուստատեսայինի նկատմամբ մի շարք առավելություններ ունի: Դրանք են՝ թիրախավորումը՝ ըստ այցելուների, ժամանակի եւ աշխարհագրության, թիրախի հետ երաշխավորված կոնտակտը, արդյունավետության գնահատումը՝ ըստ հստակ թվային ցուցանիշների, հոլովակների եւ գովազդային արշավների կառավարման պարզությունն ու ինտերակտիվությունը:

 

Տեսագովազդ՝ մոբայլ սարքերի համար

 

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Betanet-ի գործադիր տնօրենը նշել է, որ ստացել են պրոդուկտն արտասահմանում մշակելու եւ ապա այն՝ Հայաստան ներմուծելու առաջարկներ: Սակայն իրենք ցանկացել են սկսել հենց Հայաստանում: Միաժամանակ՝ բանակցում են մի շարք միջազգային կազմակեպությունների հետ, որպեսզի պրոդուկտը կիրառվի նաեւ այնտեղ:

 

Նրա խոսքով՝ իրենց առաջիկա խնդիրն է ստեղծել համակարգ, որի օգնությամբ տեսագովազդը կցուցադրվի նաեւ մոբայլ սարքերում: Այս քայլը հաջողելու դեպքում ակնկալվում է, որ ընկերությունը միջազգային շուկայում մեծ առաջխաղացում կարձանագրի:

 

Նարինե Դանեղյան